0 2021-ի ամենակարեւոր անելիքը -

Մեր զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում անցնող 2020 թվականը և ինչ ակնկալիքներ կան 2021-ից, ելք կա՞:

Ելք միշտ էլ կա: Ընդհանրապես ելքն անմիջականորեն կապված է ուղեղի աշխատանքի հետ: Եթե այդ աշխատանքը լինի, ուրեմն ելք էլ կլինի, եթե այդ աշխատանքը տեղի չունենա, եթե չվերլուծենք շատ օբյեկտիվորեն այս 30 տարիներին մեր բոլոր սխալ քայլերը, ապա կարծում եմ՝ 2020 թվականով մեր դժբախտությունները չեն ավարտվի: Շատ կարևոր բան կա. առաջին հարցը, որ պետք է պատասխան տանք՝ ինչ արեցինք այս 30 տարվա ընթացքում, որպեսզի կառուցենք անկախ պետականություն: Սա ամենակարևոր հարցն է, որովհետև 1991-ի անկախության հանրաքվեն, Խորհրդային Միության փլուզումը էմոցիոնալ դաշտից էին, այլ ոչ այնքան գիտակցված: Երևի անկախ քաղաքական էլիտայի կողմնորոշումներից ամենակարևոր խնդիրը բացատրելն է հանրությանը, թե ինչ է նշանակում անկախ պետականություն ունենալը, և թե ինչով է այդ անկախ պետականությունը տարբերվում որևէ երկրի կազմում գաղութից: Ես կարծում եմ, որ 2021 թվականին ամենակարևոր հարցը Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելն է: Մենք այնքան ենք կորցրել ինքնիշխանությունը, որ պետք է, կարծես թե, նորից սկսել: Բայց սա միակ հարցն է, որի շուրջ կարող են միավորվել բոլոր ուժերը, եթե իրենք իրենց իսկապես համարում են Հայաստանի քաղաքական ուժեր, այլ ոչ թե ուրիշի հետաքրքրությունները սպասարկող ուժեր: Ցավոք սրտի, մեր պատմության ընթացքում նման դեպքեր էլ են եղել: 2020-ը շատ դաժան տարի էր, հիմա մեզնից է կախված, թե ինչպիսին կլինի 2021-ը

2021 թվականին ինչ պետք է անենք որպես հասարակություն ու պետություն:

Առաջինը, ինչ պետք է անել հաջորդ տարի, մեկ րոպե լռել և մտածել, որովհետև, ընդհանրապես, մտքի աշխատանքը մի քիչ լռություն է պահանջում, վերլուծություն է պահանջում: Վերջերս կարդացի Պյութագորասի մի հրաշալի արտահայտությունը, որ ներդաշնակությունը, որի մասին մենք երազում ենք, շատ ենք խոսում, դա անհամաձայնությունների համաձայնությունն է: Ներդաշնակությունը միայն քո հետ համաձայնվելը չի, այլ բոլոր անհամաձայնությունների հետ լեզու գտնելն է: Իսկ դրա համար պետք է լինի գերագույն խնդիր, իսկ որն է մեզ հմար գերագույն խնդիրը: Կլինի՞ մեր գերագույն խնդիրը անկախ ու ամուր պետականություն կառուցելը, մենք այդ ժամանակ կկարողանանք լսել իրար, հասկանալ ու գտնել լավագույն ճանապարհները: Ցավոք սրտի, ես այս տարիների ընթացքում չտեսա դա որպես գերագույն նպատակ: Վերջիվերջո, այս մեծ ողբերգությունը նաև սառը ցնցուղ էր բոլորիս համար, և ժամանակն է հայրենասիրության մասին խոսքից անցնել հայրենաշինությանը: Պետք է կառուցել այդ հայրենիքը, իսկ դրա համար, ինչպես ցանկացած կառույցի համար, անհրաժեշտ է նախագիծ, մասնագետներ, որոնք մեկը մյուսի հետ համագործակցելով կկառուցեն պետության շենքը: Եթե այդ շենքը կառուցված լինի բալանսը չպահպանելով, ապա այն կփլուզվի: Եթե մենք այդ շենքը կառուցենք այնպես, ինչպես կառուցում էինք ժամանակին Լենինականը՝ ցեմենտը գողանալով, ապա ամենաթեթև շարժից այն կփլվի: Մի խոսքով կառուցել է պետք՝ լավ նախագիծ ունենալով:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ հասարակությունն անելանելի վիճակում է, քանի որ մի կողմից չի վստահում այս 17 ուժերին, մյուս կողմից իշխանությունը չունի այն վստահությունը, որն ուներ պատերազմից առաջ, նաև շատերի գնահատմամբ անկարող է ու ապիկար:

Ես հասարակությունը չէի բաժանի երկու մասի՝ իշխանամետ և այդ 17 ուժերի աջակիցներ: Իրականում լայն հասարակությունը ես չէի ասի, թե կողմնորոշվել է և համակրում է որևէ կողմի: Ես կարծում եմ՝ հասարակությունը սպասում է նոր, լուսավոր գաղափարների: Եվ առաջներում, և հիմա մեզ շատ են կերակրում անցյալի բոլոր գործած ու չգործած մեղքերով: Բայց մարդը իր էությամբ լուսավոր է, ինքը ձգտում է դեպի լույսը, դա իր բնական պահանջն է: Երբ մենք գտնվում ենք որևէ տարածքում, փնտրում ենք, թե լույսը որտեղից է գալիս, որ գնանք այդ ուղղությամբ: Հնարավոր չի մեզ ոգևորել, երբ չորս կողմը մութ է, ելք չկա: Կարծում եմ՝ անհրաժեշտ են նոր, ժամանակակից գաղափարներ:

Ցավոք, պետք է խոստովանեմ, որ այն հույսերը, որ մենք կապում էինք 2,5 տարի առաջ, որ այդ գաղափարները կգան ու կսկսեն իրագործվել շատ լուրջ բարեփոխումներ, սահմանափակվեցին մի քիչ քաղքենիական պահանջներով՝ գումարը խլել, բաժանել, դատել, նստացնել և այլն: Մոտավորապես, նույն բանը կատարվում է հիմա, էլի ասում են՝ դատել, նստացնել: Այդ ամենը հասկանալի է և կարող է և իրականություն դառնալ, բայց հնարավոր չէ առանց լույսի շարժվել: Հիասթափությունն ու ատելությունը երբեք ուղեցույց չեն կարող դառնալ: Դրանք կարող են ոգևորել, բայց արդյունք չեն տալիս, պտուղ չեն տալիս: Ջերմություն է պետք, լույս է պետք: Հիմա շատերը խոսում են հանրության մեջ եղած ատելության մասին, բայց ատելությունն այնպիսի բան է, որ հնարավոր չէ վերևից, ներքևից, աջից կամ ձախից ցուցումով վերացնել: Ատելությունը յուրաքանչյուրն ինքը պետք է վերացնի իր մեջ: Ատելությունով ապրել հնարավոր չէ, այն ֆիզիկապես վնասակար է: Դու հիվանդ ես ու պետք է մտածես քո առողջության մասին, և այստեղ ամեն մեկը պետք է իր ճանապարհը գտնի:

Առաջին քայլը եղած ատելությունը չշարունակելն է: Երկրորդ քայլը ավելի ու ավելի բարձր չափանիշներ վերցնելն է: Ես համոզված եմ, որ կգան նոր գաղափարներ և գուցե հենց դրա համար էլ պետք է անցկացնել ընտրություններ, որպեսզի նոր գաղափարները լսելի լինեն հանրության համար․ հնով առաջնորդվել հնարավոր չէ, դա փակուղի է:

Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *