0 Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի -

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Խաչատրյանները պահանջում են պարտավորեցնել վարչապետի աշխատակազմին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Խոսքը վերաբերում է մասնավորապես՝ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի ապրիլի 28-ին տեղ գտած ձեւակերպումներին։

Հիշեցնենք՝ նշված գրառման մեջ խոսնակը նշել էր. «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ հոդվածներով, 31-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով` հայցվորները խնդրել են պարտավորեցնել պատասխանողներին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի`Մանե Գևորգյանին պատկանող էջում, ինչպես նաև ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (https://www.gov.am/am ) «Ներողություն ենք խնդրում Գագիկ Խաչատրյանից և նրա որդիներից» վերնագրով գրառում կատարելու եղանակով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից` այդ գրառման մեջ նշելով հետևյալ.

«ՀՀ վարչապետի աշխատակազմը` ի դեմս ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն են խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված` նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», ինչպես նաեւ հրապարակել հետեւյալ գրառումը.«ՀՀ վարչապետի աշխատակազմը` ի դեմս ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերքում են 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում տեղադրված Գրառման մեջ նշված` Գագիկ Խաչատրյանից և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ իրենց պնդումը: Մանե Գևորգյանը հերքում է նաև, որ իր այն պնդումը, որ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին :»

Բացի այդ, հայցվորները պահանջել են դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ և ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով` հրապարակելով ներողության և հերքման նույն տեքստերը, որոնք պահանջվում են տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի` Մանե Գևորգյանին պատկանող էջում և ՀՀ կառավարության պաշտոնական կայքում :

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանների հայցադիմումը դատարանը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացրել է հունիսի 15-ին։


Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *