0 Սա Հայաստանում 5-րդ շարասյանը ոտքի կանգնելու հրաման է -

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված, որտեղ իր դժգոհությունը և մտահոգությունն է հայտնել: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, ինչի՞ հետ չի հաշտվում Ռուսաստանը:

Չի հաշտվում Հայաստանի անկախության ամրապնդման հետ, ինքնիշխանության ուժեղացման հետ, նաև երկրում քրեաօլիգարխիկ մթնոլորտն ու իրականությունը վերացնելու հետ: Որովհետև տարօրինակ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկիրը, ՄԱԿ-ի հիմնադիր անդամ պետությունը փորձում է  միջազգային օրենսդրությունից դուրս գալ: Հայաստանի կողմից ընդունվող օրենքը միջազգային օրենսդրության մեջ է: Ռուսական հեռուստաընկերությունները ծածկում են հազար հեռուստաընկերություն իրենց լեզվով, իրենց մշակույթով և իրենց ճաշակով, աշխարհի իրենց ընդունելի բաժանումով՝ թշնամի-բարեկամ և այլն, ինչն անընդունելի է: Այդ պայմաններում ռուսները զարմանում են, որ Հայաստանը փորձում է միջազգային օրենսդրության շրջանակներում իր եթերի սուվերեն իրավունքն իրացնել՝ նախ եթերի մասով, հետո լեզվի մասով:

Հայտարարության մեջ, որտեղ դեսպանն իր անհամաձայնությունն էր հայտնում «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծի հետ կապված, թեև նշում է, որ լեզվաքաղաքականությունը Հայաստանի ներքին գործն է, նաև ակնարկում է, թե ռուսերենը ՀՀ-ում պետք է պաշտոնական կարգավիճակ ունենա՝ հիշեցնելով ՌԴ-ում հայ վարորդների խնդիրը:

Իրենց փորացավն այն է, որ Հայաստանում չգիտես ինչու պետք է ինչ-որ կարգավիճակ ստանա օտար պետության օտար լեզուն: Ընդհանրապես, հայկական կողմը դեմ չէ լեզուների լավ իմացությանը: Ես որպես գիտության մարդ, առավել քան շահագրգիռ եմ դրանում, որ մեզ մոտ լավ իմանան չինարեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և այլն, որոնցից ոչ մեկը Հայաստանում չի կարող պետական ինչ-որ կարգավիճակ ունենալ և վերջ: Բայց լեզուների լավ իմացությունը պարտադիր է մեզ համար:

Այսինքն՝ ռուսերենի համար չպետք է բացառություններ արվեն, ինչպես մյուս լեզուների:

Ոչ մի բացառություն ոչ մի լեզվի համար: Հակառակը, առաջին հերթին հենց ռուսերենի համար չպետք է նման բան լինի, որովհետև ազգային ինքնագիտակցության մութ խորշերը փորփրելու փորձերը հենց այդ լեզվով են կատարվում: Նրանք տարածում են սուտ ու կեղծիք, նաև իրենց քաղաքական ճաշակը: Ասենք, եթե վաղը իրենք Իրանի հետ թշնամի դառնան, մեր ժողովուրդն ուզի-չուզի, ռուսական հեռուստաալիքների ազդեցության տակ մշակվում է թշնամաբար մեր բարեկամ Իրանի ժողովրդի դեմ: Հիմա հայության մեծ մասը Ուկրաինան դիտարկում է ռուսական պրիզմայով: Ես չեմ ասում՝ ուկրաինացիք շոկոլադ են, բայց մեր ժողովրդի 90 տոկոսը Ուկրաինան գիտի ռուսերենով, ռուսական ճաշակով, ինչն անթույլատրելի է: Դրա համար լեզուն ու մշակույթը այն բանն է, որտեղ ամեն մի նվաճող, իմպերիալիստ, էքսպասիոնիստ անմիջապես ուզում է դիմացինի լեզվի հարցը լուծել: Լեզվի միջոցով մտնում է ուղեղ, տարածում է իր մշակույթը՝ այնտեղից դուրս մղելով մարդկանց ազգային մշակույթը, փոխելով ոգին: Հայաստանում մտայնություն է առաջանում, իբրև թե պոզիտիվ արժեհամակարգը Ռուսաստանում է այս օրերին, իսկ եվրոպականը ընդունելի չէ: Մինչդեռ մեր մշակույթը արևմտյան մշակույթ է, մենք եվրոպական մշակույթի ակունքներում ենք:

Հիմա ինչ պատճառ ասես բերելու են, ինչքան անհայրենիք ռուսահայ կա ոտքի են հանելու՝ Միհրանյան, Միրզաև և այլն: Հայաստանը չպետք է զիջի դիրքերը: Բայց սա նաև երկրորդ ենթատեքստն ունի. այն, ինչ արեցին Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝ փորձելով ապակայունացնել Հայաստանը հեղափոխությունից հետո, բոլորը սպառվեցին: Սահմանադրական դատարանն էլ սպառվեց: Հիմա հերթական փորձն է, գրպանից հանեցին հաջորդ էլեմենտը: Հայաստանը այստեղ զիջելու բան չունի, պետք է գնա իր ճանապարհով:

Ռուսաստանը որքանո՞վ է փորձում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին և որքանո՞վ է դա նրան հաջողվում:

Դե միջամտում է, էլ ո՞նց միջամտի: Մտնում է լեզվի ու մշակույթի դաշտ: Ապակայունացնելն ու միջամտելը էլ ո՞նց է լինում: Դրա համար, եթե իրենք այնտեղ նյարդայնացած են, մենք պետք է շարունակենք մեր քաղաքական կուրսը: Մենք պետք է վերադառնանք մեր ազգային մշակույթի մաքրմանը, սովետական աղբից պետք է ամեն ինչ մաքրենք: Վախենալ պետք չի, դա մեր ինքությունն է, եթե պետք է մեր լեզուն կորցնենք, կամ որևէ լեզու համարձակվելու է մեր երկրում պետական դառնալ, ավելի լավ է չքանանք, վերջանանք, գնանք: Նույն Ավարայրն է, պարսիկներն ուրիշ բան չէին ասում, ասում էին կրոնն ու լեզուն փոխեք: Մյուս կողմից, սա Հայաստանում 5-րդ շարասյանը ոտքի կանգնելու հրաման է: Սա հրաման է չեկիստներին, ռուսական դպրոցների ստրուկներին: Ռուսուլմաններին ոտքի կանգնելու հրաման է սա, բայց դա անցած բան է հատկապես ՍԴ-ի խնդրի լուծումից հետո: Իհարկե, նյարդայնացնող է, բայց դա էլ կանցնենք: Կամ էլ թող սիմետրիկ լինի, և հայկական հեռուստաընկերություններն ամբողջովին ծածկեն ռուսական տարածքը, դա էլ է տարբերակ: Եթե բարեկամ են, ապա բարեկամությունը փոխադարձ է: Իրենք մեր խոշոր եղբայրն են, մենք իրենց մեծ եղբայրն ենք մեր տարիքով, քաղաքակրթությամբ, մշակույթով: Ուրեմն խոշորն ու մեծը իրար հավասար պետք է լինեն: Մեծը մենք ենք ամեն ինչով՝ տարիքով, փիլիսոփայությամբ: Եվ ամենաշատը մենք իրենց համար ենք արյուն թափել: Եթե 5 տոկոս իրենց համար թափած արյունից մեզ համար թափեինք, հիմա Տիգրան Մեծի Հայաստանն իր տեղում կլիներ:

Եթերը պետք է մաքրվի. ի՞նչ է նշանակում, որ Հայաստանում օտար լեզվով հազար հեռուստաընկերություն կա, հայկականը քիչ է, եղածն էլ հակապետական է: Եթերի հարցն ընդհանրապես պետք է կարգավորվի: Ազգային անվտանգության հարց է, որովհետև անվտանգությունն սկսում է մշակույթից ու լեզվից: Ռուսաստանին պետք է ասվի, որ աշխարհում միակ ժողովուրդն է հայ ժողովուրդը, որի գրավոր խոսքը սկսում է Աստվածաշնչից: Հայ ժողովուրդը արարչագործության հիմք ժողովուրդ է, Հայաստանն արարչագործության հայրենիքն է: Կա Մասիս սարը, Նոյյան տապանի պատումը և այլն: Եվ կա ռուսների ոխակալությունը, որ 1921 թվականին Մասիս սարը պոկեցին, տվեցին թուրքին, որ այդ հուշը մեռնի: Դա հենց այդ կոնցեպցիայի մեջ է, որ հայ ժողովուրդը չհիշի, որ ինքն արարչագործ ժողովուրդ է:


Նյութի աղբյուր

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *